Հանրային ծառայությունների սակագների մասով այսօր, ցավոք, հաշվի չի առնվում սպառողների վճարունակությունը. պատահական չէ, որ 2010 թվականին սպասվում է բնական գազի ավելի քիչ սպառում, քան 2009 կամ 2008 թվականներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման  տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Գազի գների բարձրացումը բերում է նրան, որ քաղաքացիներից շատերը հրաժարվում են օգտվել հանրային  ծառայության այդ տեսակից։ Հիմնական հանրային  ծառայությունների սակագները պետք է տեսանելի լինեն առնվազն 5 տարվա կտրվածքով, որպեսզի թե՜ տնտեսվարող սուբյեկտների, եւ թե՜ սպառողների վարքագիծը կանխատեսելի լինի»,- կարծիք հայտնեց պատգամավորը։

Անդրադառնալով ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացին՝ Մինասյանը նկատեց. «Այն պարտադրանքը, որ դրվել է քաղաքացիների վրա, չափազանց մեծ է։ Քանի դեռ պետությունը չի ամրագրել իր հիմնական պարտավորությունը՝ ներդնել սոցիալական ռիսկերի ամբողջական ապահովագրական համակարգ, չի կարող նոր ապահովագրություն  պարտադրել քաղաքացուն։ Առաջինը պետք է դնել առողջապահական, սոցիալական, կենսաթոշակային, ծնելիության, կրթական ռիսկերի ապահովագրության հարցը։ Բացի այդ, ապահովագրական գործընթացը պետք է իրականացվի բացառապես պետական ընկերությունների միջոցով։ Քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հարցում պատասխանատվություն պետք է կրի պետությունը»,- համոզմունք հայտնեց Մինասյանը։