2010 թվականի 10 ամիսներին հաշվառվել է որդեգրման ենթակա 151 երեխա՝ որդեգրվել է 66-ը, որից 38-ը միջպետական որդեգրություններ են:
Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանի գնահատմամբ՝ այս տարվա մարտից օտարերկրյա որդեգրությունների կարգն առավել հստակեցվել է: Ըստ այդմ, կառավարության համապատասխան որոշմամբ, օտարերկրյա որդեգրություններն իրականացվում են Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության միջոցով: «2010-ից առավել հստակեցվեց միջպետական որդեգրությունների կարգը՝ շահագրգրռ կողմերին զերծ պահելով բյուրոկրատական քաշքշուկից եւ անհարկի թղթարարությունից»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
«Վերջերս գործուղվեցինք Գերմանիա՝ տեղում ուսումնասիրեցինք որդեգրման կարգի մասին տարբեր երկրների օրենքներ. արդյունքում համոզվեցինք, որ մեր օրենսդրությունn առաջատար դիրքերում է»,-հավելեց Հ. Նավասարդյանը:
Նշենք, որ երեխաների որդեգրման հարցերով զբաղվող ՀՀ կենտրոնական մարմինը, որի նախագահը ՀՀ արդարադատության նախարարն է, միջպետական որդեգրությունների դիմումները ստանում է այլ երկրների Կենտրոնական մարմիններից: Այնուհետեւ դրանց քննությունը ստանձնում է Քաղաքացիական ակտերի գրանցման գրծակալությունը եւ, համաձայն օրենքով սահըմանված դրույթների, որոշում օտարերկրացու համապատասխանելիությունը նշյալ գործընթացին: Որդեգրված երեխայի կենսապայմանների մասին տեղաեկատվություն գործակալությունը ստանում է լուսանկարների ձայնագրությունների, տեսանյութերի եւ հաղորդագրությունների միջոցով:
2010-ի միջպետական որդեգրությունների արդյունքում 38 հայ փոքրիկներ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Ռուսաստանում: Պատասխանատուի խոսքով՝ հայ ծնողազուրկները որդեգրվում են մեծամասամբ սփյուռքահայերի կողմից, այնուհետեւ՝ այն օտարերկրացիների, ովքեր ծանոթ են հայ մշակույթին ու մենտալիտետին:
Հ. Նավասարդյանի հավաստմամբ՝ որդեգրմամբ արտասահման մեկնած երեխաների շահերի խախտման դեպք մինչ օրս չի արձանագրվել:



























