Ակնհայտ է, որ կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում որոշումներ կընդունի «նոր» կամ «հաջորդ» կառավարությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր կատակում, երբ նախորդ նիստի ընթացքում բառախաղ էր անում՝ փորձելով տարբերակել կառավարության հաջորդ նիստը՝ հաջորդ կառավարության նիստից։
Անգամ եթե նոր կադրային փոփոխություններ այլեւս չլինեն՝ երեք առանցքային նախարարների փոփոխությունը որակապես այլ իրավիճակ է ստեղծում։ Ի դեպ՝ շատերը նկատած կլինեն, որ մինչ հրաժարականները արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարների միջեւ առանձնահատուկ ջերմ հարաբերություն էր ստեղծված։
Ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսական բլոկի նախարարների փոփոխությունը կառավարության աշխատանքի վրա։ Առավել անսպասելին ֆինանսների նախարարի փոփոխությունն էր։ Բյուջետային գործընթացի ողջ ծանրությունն իր վրա կրելով՝ Տ. Դավթյանը իրավացիորեն պետք է հավակներ կյանքի կոչելու 2011 թ. բյուջեն։ Նրա փոխանորդը՝ Վաչե Գաբրիելյանը, թեեւ իր պաշտոնի բերումով ֆինանսներից հեռու մարդ չէ, այնուամենայնիվ նոր պաշտոնում այնքան էլ հարմարավետ չի զգա՝ իմանալով, որ բյուջեից ավելի քաջատեղյակ նախարար կա։ Սա նաեւ նշանակում է, որ էկոնոմիկայի նախարարության ազդեցությունը կառավարությունում կմեծանա։
Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարն, ի պաշտոնե, կառավարությունում ավելի մեծ ազդեցություն ունի, քան էկոնոմիկայի նախարարը։ Հայաստանում ընդունված է, որ ֆինանսների նախարարը անպայման վարչապետի մարդը պետք է լինի, այլապես վարչապետը լիարժեք կառավարելիություն չի կարող ստանալ։ Ֆինանսների նախարարն այն քիչ պաշտոնյաներից է, որ ցանկացած պահի ցանկացած հարցով կարող է դիմել վարչապետին, եւ այդ նպատակով մշտապես ապահովված է ուղիղ կապով։ Իսկ նախարարների մեծ մասը վարչապետի հետ շփվում են միջնորդավորված։
Նշենք, որ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյանը նույնպես համարվում է վարչապետի թիմի անդամ, թեեւ դեռ չի հասցրել հանրապետական դառնալ։ Բայց դա, ամենայն հավանականությամբ, ժամանակի հարց է։ Առավել տրամաբանական կլիներ, որ նա փոխարիներ ոչ թե ֆինանսների նախարարին, այլ էկոնոմիկայի նախարարին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նախարարի պաշտոնում ԿԲ նախագահի տեղակալը մոտ 4 անգամ քիչ աշխատավարձ է ստանալու, ուստի նա կարող էր պարզապես հրաժարված լինել էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելուց։ Ֆինանսների նախարարի ազդեցիկ պաշտոնը ինչ-որ չափով կոմպենսացնում է Վ. Գաբրիելյանի աշխատավարձային կորուստները։
Կառավարության քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն սպասվում։ Վ. Գաբրիելյանը նույնչափ հայտնի է իր արեւմտամետ դիրքորոշումով, որքան Ներսես Երիցյանը։ Ավելին՝ նա կարող է ավելի հեշտացնել միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, քան դա հաջողվում էր Տ. Դավթյանին։ Հաշվի առնելով, որ Հայաստանը միջազգային վարկերի սպասարկման գծով զգալի գումարներ պետք է վճարի, գուցեեւ Վ. Գաբրիելյանի նշանակումն այդ առումով արդարացված է։ Հայաստանը հույս ունի վերակառուցել այդ վարկերը եւ հետաձգել մարման ժամկետները։
Փոխարենը կպակասեն էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվող արմատական օրինագծերը, որոնք կառավարությունում մշտական բանավեճերի եւ դժգոհությունների առիթ են հանդիսանում։ Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարարը հրապարակավ դժգոհություն էր հայտնել հարկային բարեփոխումների եւ ընդերքի մասին օրենսդրական փաթեթներից, համարելով, որ դրանք բարեփոխումների անհրաժեշտ տեմպ չեն ապահովում։ Տ. Դավթյանն այդ առումով ավելի պահպանողական է։
Սամվել Ավագյան





























