Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանին։ Վարչապետը հիշեցրեց, որ Տ. Դավթյանը երկար տարիներ աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, իսկ ֆինանսների նախարարությունում աշխատելու տարիները թույլ են տվել ավելի խորությամբ ճանաչել հայրենի տնտեսությունը։ Ուստի վարչապետը ոչ մի կասկած չուներ, որ նոր պաշտոնում Տ. Դավթյանը կունենա հաջողություններ, եւ նոր լիցք ու թարմություն կհաղորդի նախարարության աշխատանքներին։

Սակայն վարչապետը նախկին ֆինանսների նախարարին չմոռացավ հիշեցնել, թե նա ինչպես է կրճատել էկոնոմիկայի նախարարության ծրագրերով նախատեսված ֆինանսավորումը։ Հենց Տ. Դավթյանի ձեռքով են էապես  կրճատվել փոքր եւ միջին ձեռներեցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին հատկացվող գումարները։ «Կտրեց ՓՄՁ ծրագիրը, եւ պետք է կարողանա այդ սուղ միջոցներով խնդիրները ի կատար ածել»,- կատակեց վարչապետը։

Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ներսես Երիցյանին՝ կատարված աշխատանքի համար, եւ նշեց, որ թեեւ նա թողնում է նախարարի պաշտոնը, սակայն մնում է թիմում։ «Այս փոփոխությունները ընդամենը նշանակում են ուժերի վերադասավորում, ինչ որ առումով՝ թարմացում, որը թույլ է տալու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծել»,- կադրային տեղաշարժերն այսպես բնութագրեց վարչապետ Տ. Սարգսյանը։