Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ֆինանսների,  արդարադատության, էկոնոմիկայի նախարարություններ  եւ  դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ  Վաչե Գաբրիելյանին, Տիգրան Դավթյանին, Հրայր Թովմասյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ֆինանսների նախարարության  աշխատակազմին ներկայացնելով  նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանին եւ շնորհավորելով  նրան`  կառավարության  ղեկավարը  խոսել է նաեւ  ոլորտի  առջեւ  կանգնած  խնդիրների  եւ  կառավարության  առաջիկա  տարիների ծրագրերի մասին:

Ընդգծելով, որ երկար տարիներ լինելով ֆինանասկան համակարգում Վաչե Գաբրիելյանը ծանոթ է ոլորտի խնդիրներին եւ լավատեղյակ է այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են. «Ես համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն: Նա այս նախարարությունում ունի լավ գործընկերներ, որոնց հետ համագործակացությունը եղել է  լավ մակարդակի վրա»:

Ինչ վերաբերում է գործադիրում իրականացված կադրային փոփոխություններին, ապա վարչապետը նշել է, որ դրանք համախմբելու են առկա կարողությունները, ձեռքբերումները, ինտելեկտուալ փորձը, որպեսզի հետճգնաժամային շրջանում մեծ թափ հաղորդեն բարեփոխումներին:
Ներկայացնելով արդարադատության նորանշանակ  նախարար Հրայր Թովմասյանին`  վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ բարձր է գնահատում Հրայր Թովմասյանի մասնագիտական ունակություններն ու մարդկային արժանիքները: Ըստ Տիգրան Սարգսյանի, Հրայր Թովմասյանի գիտելիքներն ու փորձը հույս են ներշնչում, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կառավարության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներին. «Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հրայր Թովմասյանն ունի կառավարչական փորձ, եղել է փոխնախարար, ինչպես նաեւ աշխատել է Սահմանադրական դատարանում: Համոզված եմ, որ այդ փորձը նույնպես օգտակար կլինի այս պաշտոնում»:

Վարչապետը անդրադարձել է ՀՀ արդարադատության նախկին նախարարի աշխատանքից ազատվելու վերաբերյալ իր կողմից տրված հրապարակային պարզաբանումներին` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանին համակարգի ներքին խնդիրների լուծման տեսակետից լուրջ անելիքներ են սպասվում: «Մենք համոզված ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային կոլեկտիվն ի վիճակի է լուծելու իր առջեւ դրված այն խնդիրները, որոնք պայմանավորված են հանրապետության նախագահի ծրագրային դրույթներով եւ կառավարության ծրագրով»,-ասել է Տիգրան Սարգսյանը: