Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված նոր պայմանագիրը զգալի փոփոխությունների չի հանգեցնի, սակայն կարեւոր ուղերձ է ինչպես ԵՄ, այնպես էլ Հայաստանի ճկունության մասին: Այս  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Բալաշ Յարաբիկը:

 Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս կողմերի ցանկությունը՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման համար միասնական մոտեցումներ գտնելու  կամ իրավական նորմերով առնվազն ԵՄ-ին մոտենալու հնարավորությունը:

«Համաձայնագիրը ցույց է տալիս, որ Հայաստանը Եվրասիական միության երկու անդամ երկրներից շատ ավելի մոտ է ԵՄ-ին, քանի որ Բելառուսը նույնիսկ իրավական հիմք չունի այս փուլում հարաբերությունների համար»,-ասել է վերլուծաբանը:

Նա ընդգծել է, որ սպասումներն այն մասին, որ  «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը կհանգեցնի երկրների՝ Եվրամիության անդամակցությանը, վերացել են 2016 թվականին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի հարցով Նիդերլանդների հանրաքվեից հետո:

«Սա յուրատեսակ պաշտոնական հաստատում էր եւ վերջ դրեց քննարկումներին այն մասին, որ ԵՄ-ն ներքին համախմբվածության  խնդիրների, ինչպես նաեւ տարածաշրջանանի անցումային բարդ դրության պատճառով, էլ չխոսելով Ռուսաստանի դերի մասին, կկարողանա շուտ անցնել ինտեգրացմանը:

Միեւնույն ժամանակ «Արեւելյան գործընկերությունը» հիմք է հանդիսանում եւ շատ բան կախված է գործընկեր երկրներից: Մասնավորապես, այն երկրները, որոնք չունեն լիարժեք ասոցացման համաձայնագիր, կարող են մտածել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության այլ ձեւերի եւ միջոցների մասին», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր են  ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում: