Եգիպտոսի զինվորականները նոյեմբերի 25-ի լույս գիշերը ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Սինայի Բիր ալ Աբդեում ջիհադականների դիրքերի վրա՝ երկրի մզկիթներից մեկում արյունահեղ ահաբեկչությունից հետո, հայտնում է Haaretz-ը:
Հեռուստատեսային ուղերձում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը եւ ոստիկանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որ «անվտանգությունն ու կայունությունը վերականգնեն»:
Ռազմական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով սպանվել է «Իսլամական պետության» 30 գրոհային: Ոչնչացված է գրոհայինների զենքի եւ ռազմամթերքի պահեստարանը, նաեւ մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք ենթադրաբար օգտագործվել են մզկիթի վրա հարձակումն իրագործելիս:
Ռաուդ բնակավայրում ուրբաթօրյա աղոթի ժամանակ հարձակման հետեւանքով զոհվել է նվազագույնը 235 մարդ, ավելի քան 120-ը վիրավորվել է: Հարձակվողները նախ մզկիթում ռումբ են պայթեցրել, այնուհետեւ կրակ են բացել շենքից փախչող աղոթողների վրա: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս չի ստանձնել տարածքում գործող գրոհայինների խմբավորումներից ոչ մեկը: Այդուհանդերձ, իշխանությունները կարծում են, որ հարձակման հետեւում կարող էին կանգնած լինել ԻՊ ջիհադականները:



























