Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հետաձգել է պաշտոնական այցը Օման, որը պետք է սկսվեր կիրակի՝ նոյեմբերի 26-ին՝ կապված Սինայի թերակղզու իրադարձությունների հետ, որտեղ ահաբեկչության հետեւանքով մզկիթում առավել քան 300 մարդ է զոհվել եւ եւս 130 –ը վիրավորվել, որոնց թվում նաեւ ծերեր ու երեխաներ, փոխանցում է եգիպտական «Ալ Ահրամ» պարբերականը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, այցն ավելի ուշ տեղի կունենա:
Եգիպտոսի նախագահը նոյեմբերի 25-ին հանձնարարել է հուշարձան կառուցել՝ ի հիշատակ Էր Ռոուդի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված:
Հաղորդվում է, որ հարձակվողները 25-30 հոգի են եղել: Նրանք հինգ մեքենաներով մոտեցել են մզկիթին, հագին ունեցել են զինվորականին նմանվող հագուստ: Զինյալները դիրքավորվել են մզկիթի շուրջ՝ նաեւ դռների ու լուսամուտներին, եւ ավտոմատ զինատեսակներից կրակ են բացել աղոթող մարդկանց ուղղությամբ:
Նոյեմբերի 24-ին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, ահաբեկիչները Ալ Արիշ քաղաքից ոչ հեռու՝ Սինայի հյուսիսում գտնվող Էր Ռոուդի մզկիթում ռումբ են պայթեցրել, իսկ հետո սկսել են կրակել մզկիթից դուրս փախչող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ 305 մարդ, որից 27-ը երեխաներ, զոհվել են եւս 128 մարդ վիրավորվել են:



























