ԱՄՆ-ը Պակիստանին նախազգուշացրել է իսլամիստների առաջնորդ Հաֆիզ Սաիդին ազատելու հետեւանքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Սաիդը «Ջամաաթ ուդ Դավա» կազմակերպության՝ Պակիստանում գտնվող «Լաշքար ի Թաիբա» իսլամիստական խմբավորման տեղական թեւի հիմնադիրն է, որին մեղավոր են ճանաչել Հնդկաստանի Մումբայ քաղաքում 2008-ին իրականաված ահաբեկչության համար։
Հաֆիզ Մուհամմեդ Սաիդն ազատության մեջ էր հայտնվել նոյեմբերի 22-ին՝ Պակիստանում մոտ 10 ամսվա տնային կալանքից հետո։
«Սաիդի ազատումն այն բանից հետո, երբ Պակիստանը նրան ոչ մի մեղադրանք չներկայացրեց, խորին մտահոգության տեղիք է տալիս միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի կամքի հարցում։ Եթե Պակիստանը Սաիդի օրինական ձերբակալության եւ մեղադրանքներ ներկայացնելու համար քայլեր չձեռնարկի, այդ անգործությունն իր հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների եւ աշխարհում Պակիստանի հեղինակության վրա»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Հարավային Ասիայում հստակ հասկացնել է տալիս, որ ԱՄՆ-ը ձգտում է Պակիստանի հետ կառուցողական հարաբերությունների, բայց վճռական գործողություններ է սպասում Պակիստանի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում, որը սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ Սաիդի ազատումը քայլ է սխալ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




























