Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երեւանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգախոսը եւ քննարկումների հիմնական թեմաները։

Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երեւանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետեւյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երեւանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երեւանյան Պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Պակտը կարտացոլի Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաեւ պայքարը այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը եւ ատելության սերմանումը։

Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների եւ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երեւանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին: