Եվրամիության կողմից Իտալիային հատկացված 40 մլն եվրոյի օգնությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար գլոբալ խնդրի սոսկ ժամանակավոր լուծում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Նրա խոսքով՝ միայն Աֆրիկայում մոտ 60 մլն պոտենցիալ միգրանտ կա, որոնք լավ կյանքի որոնումներով երազում են Եվրոպայում հայտնվել: «Խնդիրը վիթխարի է: Եվրոպային դեռեւս սպասում է միգրանտների նոր ահռելի հոսքերի ընդունում, որոնք տառացիորեն կհորդան»,- նշեց Ռարը՝ հավելելով, որ Իտալիային օգնելու գումարը պարզապես չնչին է եւ ծիծաղելի խնդիրների վիթխարի սպեկտրի լուծման համար, որոնց երկիրը բախվել է միգրացիոն ճգնաժամի պատճառով: Չէ՞ որ այս խնդիրը տասնամյակներ կտեւի, որի լուծման համար ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր ներդրումներ կպահանջվեն: Միաժամանակ փորձագետը շեշտեց, որ Եվրամիության օգնությունը միայն Իտալիայով չի սահմանափակվի: Ռարը նշեց, որ Եվրամիությունը նույնիսկ պատաստ է դուրս գրել Հունաստանի պարտքերը, որպեսզի երկիրը կարողանա  իր մոտ ընդունել միգանտների զգալի մասին՝ դրանով թուլացնելով Արեւմտյան Եվրոպայի եւ հատկապես Գերմանիայի ուղղությամբ հոսքը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Իտալիային 40 մլն եվրոյի լրացուցիչ օգնություն է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար: Դրամական նոր միջոցները կծախսվեն ճգնաժամի դեմ պայքարի 11 ծրագրերի զարգացման համար: Մասնավորապես՝ պետք է նպաստեն միգրանտների եւ ապաստան հայցողների պայմանների բարելավմանը, այդ թվում՝ բժշկական օգնության եւ թարգամանիչների ապահովմանը: Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ տարեսկզբից ծովով երկիր է ժամանել 114 հազար միգրանտից փոքր-ինչ ավելի, որը գրեթե 32 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում մինչեւ նոյեմբեր: