Եվրախորհրդարանի կեղտոտ փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի կոմիտեում (PANA) հանրային լսումներ են ընթացել՝ կապված Սլովենիայի NLB ֆինանսական խբի գործունեության, ինչպես նաեւ «Ադրբեջանական լվացքատան» քննության հետ:
Քննարկմանը մասնակցել են Եվրախորհրդարանի անդամներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցած Եվրախորհրդարանի անդամ Աննա Գոմեսը նշել է, որ Ադրբեջանում ռեժիմն իսկապես զբաղվել է փողերի լվացմամբ, եւ դա հասել է նաեւ Եվրախորհրդարան: Դրա արդյունքն է եղել տխրահռչակ զեկույցը ընտրություններին հետեւելու մասին, որը պատրաստել էին Եվրոպական խորհրդարանի անդամները:
Transparency International իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Կառլ Դոլանն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար կոռուպցիան արտահանում են եւ Եվրոպայում սասանում ժողովրդավարությունը:
Քննարկմանը մասնակցող դանիական Berlingske պարբերականի լրագրող Եվա Յունգը նշել է, որ իրենք ներկայացրել են եվրոպացի քաղաքական գործիչների ցուցակը, որոնք Բաքվի ռեժիմից փող են ստացել: Նա հավելել է, որ իրենք կշարունակեն Ադրբեջանին հետեւել եւ կփորձեն ավելի շատ մանրամասներ պարզել: Նրա խոսքով՝ կան էլի մեծ թվով քաղաքական գործիչներ եւ ազդեցիկ անձինք, որոնք Ադրբեջանից կաշառքներ են ստացել, որոնց անունները դեռեւս հստակեցված չեն: Դանիական պարբերականի լրագրողները նշել են, որ այն ամենը, ինչ հրապարակվել է Ադրբեջանի հետ կապված դեպքում, «այսբերգի միայն երեւացող մասն է»:




























