Լոնդոնում Հյուսիսային Կորեայի դեսպանը Փհենյանի վերջին հրթիռային փորձարկման պատճառով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ է կանչվել, հաղորդում է AP-ն:
Արտգործնախարար Մարկ Ֆիլդի խոսքով՝ նա խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի վարչակարգի գործողությունները:
«Հյուսիսային Կորեան ասում է, որ ցանկանում է ապահովել իր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը: Սակայն նրա գործողությունները միայն անապահովություն են ստեղծում եւ խորացնում են նրա մեկուսացումը», - ասել է նա:
«Մեծ Բրիտանիան կշարունակի գործընկերների եւ դաշնակիցների հետ աշխատել դիվանագիտական լուծման հասնելու համար: Ես կոչ եմ անում ռեժիմին հրաժարվել միջուկային եւ բալիստիկ հրթիռների անօրինական փորձարկումից եւ վերադառնալ երկխոսության»:




























