Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Յարոսլավ Ռոմանչուկը քննադատել է փողոցային չարտոնված գործողությունները, որոնք վերաճել էին զանգվածային անկարգությունների:
«Ցավոք, Հոկտեմբերյան հրապարակում ցույցի ժամանակ Ստատկեւիչը, Սաննիկովն ու Ռիմաեւսկին մարդկանց կոչեր էին անում եւ տանում Անկախության հրապարակ»,- ասված է նրա հայտարարության մեջ. «Այդկերպ, նրանք անկարգություններ են սադրել եւ կառավարության շենքի գրոհի փորձ արել: Վտանգի տակ էր հայտնվել հազարավոր մարդկանց կյանքը»:
Ռոմանչուկը դատապարտել է գործողությունները, որոնց, ի դեպ, գիշերը մասնակցում էր նաեւ ինքը: Նա պնդում է, թե փորձել է համոզել Սաննիկովին եւ Ստատկեւիչին՝ զերծ մնալ անկարգություններից:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը, դժգոհելով Լուկաշենկոյի հաղթանակից, բողոքի գործողություններ էր սկսել Մինսկում՝ գրոհելով կառավարության շենքը, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել: Ներկայումս ձերբակալվել է 200 մարդ, այդ թվում 8 ընդդիմադիր թեկնածուներ:





























