RT-ի լրագրողներին ԱՄՆ կոնգրեսում զրկել են հավատարմագրերից՝ կապված հեռուստաալիքի՝ որպես օտարերկրյա գործակալի հաշվառման հետ, հաղորդվում է ԱՄՆ օրենսդիր մարմնի Ռադիոյի եւ հեռուստատեսության թղթակիցների պատկերասրահի հայտարարության մեջ, փոխանցում է«ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ օրենսդիր մարմնի Ռադիոյի եւ հեռուստատեսության թղթակիցների գործադիր կոմիտեն օգտագործել է իր լիազորությունները, որպեսզի RT հեռուստաընկերությանը զրկի հավատարմագրից ՝ 2017-ի նոյեմբերի 21-ի միաձայն քվեարկության համաձայն։ Որոշումը կայացվել է՝ ի պատասխան RT-ին սպասարկող T&R ընկերության՝ որպես օտարերկրյա գործակալ հաշվառման», - ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ընդ որում, հստակեցվում է, որ հավատարմագրերի զրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես:

Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը RT America եւ գործընկեր Sputnik — Reston Translator ընկերությանը ընդգրկել էր օտարերկրյա գործակալների ցանկի մեջ՝ համաձայն 1938-ի օտարերկրյա գործակալների մասին օրենքի: