Ժամանակն է, որպեսզի Հայաստանը հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունները, քանի որ այդ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնային խնդիր չեն։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասպանատու Կիրո Մանոյանը։
«Թուրքիան այդ արձանագրությունները օգտագործում է ի շահ իրեն, իսկ Հայաստանը մնում է տուժողի կարգավիճակում»,- նկատեց Մանոյանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ ՀՅԴ պատգամավորը հատկանշական համարեց ճանաչումը հատկապես Շվեդիայի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի դրական որոշումը Ցեղասպանությունը ճանաչելու մասին 252-րդ բանաձեւի շուրջ։ «Կարեւոր է հատկապես վաղը կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ այս նստաշրջանի վերջին նիստը, որի օրակարգ Ցեղասպանությունը վերահաստատող թիվ 252 բանաձեւը ներառելու համար Ամերիկայի հայ համայնքը եւ Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը անում են ամեն բան »,- հավաստիացրեց Մանոյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Ցեղասպանության հետեւանքների վերացման եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանը չի դիմում Հաագայի դատարան, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, հակառակը,այդ դատարան պետք է դիմի Թուրքիան»։
Ամմփոփելով՝ Մանոյանը խոսեց նաեւ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հնարավոր ընդունման մասին՝ միաժամանակ տեսակետ հայտնելով, թե թուրք-իսրայելական ռազմավարական հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս եւ փոքրացնում նման հնարավորության հավանակոնությունը։


























