Հայաստանը հետեւողական է ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածությունների կատարման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Panorama.amTV-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հանդիպման արդյունքները եւ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների  քարտուղարների համատեղ հանդիպումները:

Պաշտպանության նախարարը նշել է, որ նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններ։ Մասնավորապես, խոսքը ռազմական նշանակության արտադրանքների գնագոյացման մասին է։ Նաեւ ստորագրվել է տեղեկատվական անվտանգության համագործակցության,  Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինման մասին համաձայնագրեր։

Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաեւ հավաքական անվտանգության խորհրդում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն ընդունելու կարեւորությունը, որով անդամ պետություններն  աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նրա խոսքով, հայտարարությունը  քաղաքական կարեւոր նշանակություն ունի եւ հաստատում է կարգավորման գործընթացում Մինսկի խմբի բացառիկ կարգավիճակը: