Իրավապահները չեն խոչընդոտի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների խաղաղ ակցիաներին, սակայն ցուցարարներին կհսկեն, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի  խորհրդական Զորյան Շկիրյակը:

«Կարելի է համարձակորեն խաղաղ ակցիա կամ հանրահավաք անցկացնել: Մեր ստորաբաժանումները աչալրջորեն կհսկեն ցուցարարներին եւ ամեն կերպ կնպաստեն բողոքի խաղաղ ակցիաների նորմալ ընթացքին: Հարկ է վախենալ այնպիսի սադրիչներից, ինչպիսին ինքը Սաակաշվիլին է եւ նրա քրեական շրջապատը, որոնք քաղաքացիների գիտակցությունը ստորաբար մանիպուլացնելով՝ նրանց դրդում են հանցագործությունների եւ հակաիրավական գործողությունների կատարման: Իսկ խաղաղ երթին, հանրահավաքին կամ խաղաղ ակցիային միայն կողմ ենք: Միշտ պատրաստ ենք նման միջոցառումների մասնակիցների հետ համագործակցության եւ ամբողջական փոխըմբռնման»,- նշել է Շկիրյակը:

Սաակաշվիլիի կողմնակիցները շարունակում են մնալ նաեւ Կիեւի կենտրոնում խորհրդարանի մոտ ստեղծված վրանային քաղաքում, դեկտեմբերի 10-ին նրանք նախատեսել են հերթական վեչե անցկացնել: