Պեչերսկի դատարանում Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի  նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին երգել է Վրաստանի եւ Ուկրաինայի հիմները։ Այս մասին հաղորդում է «Ոիկրաինսկայա պրավդա»-ն։

Պեչերսկի շրջանային դատարանում դատական նիստ է անցկացվում «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի խափանման միջոց ընտրելու հարցով։

Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 8-ի երեկոյան եւ տեղափոխել են  Ուկրանիայի Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր մեկուսարան՝ Ասկոլդովի նրբանցք հասցեով։

Նրան մեղադրում  են քրեական օրենսգրքի 2-րդ մասի 256-րդ հոդվածով՝ «հանցավոր կազմակերպությունների անդամներին աջակցելը եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելը»։

Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Միխայիլ Սաակաշվիլին պայմանավորվել է Վիկտոր Յանուկովիչի մտերիմ Սերգեյ Կուրչենկոյի հետ բողոքի ցույցի ֆինանսավորման շուրջ։

 «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիին խուզարկել են: Ձերբակալության պատճառով Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել:

Դատախազությունը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացնելու «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավարի խափանման միջոցը տնային կալանքը սահմանելու համար։