Ռուսաստանի ՆԳՆ ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված վարչությունում ստուգում են ինտերնետում հայտնված տեղեկությունը, թե «Շարժում դեկտեմբերի 11» ուլտրաաջ շարժում է ստեղծվում:
Այդ կազմակերպության հրապարակած մանիֆեստի համաձայն, այն ստեղծել են Մանեժնայա հրապարակի անկարգություններին մասնակցած ազգայնական երիտասարդները: Շարժման կարգախոսներն են. «Ռուսաստանը՝ ռուսներին», «Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի», որոնք հնչում էին նաեւ Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին:
Մանիֆեստում նշվում է, որ շարժման նպատակն է ռուս ժողովրդին ազատել ոչ ռուսական իշխանությունից եւ «միլիոնավոր պարազիտներից», երկրից վտարել բոլոր կովկասցիներին ու միջինասիացիներին:
Շարժման մասնակիցները նախատեսում են յուրաքանչյուր ամսի 11-ին` ժամը 19-ին, հավաքվել Մանեժնայա հրապարակում եւ 2 ժամ շարունակ հնչեցնել ազգայնական կարգախոսեր եւ երգել ռուսական երգեր: ՌԴ մյուս քաղաքներում հավաքը կկայանա ամեն ամսվա 12-ին:
Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ-ն փորձում է պարզել, թե ովքեր են կանգնած այս նախաձեռնության թիկունքում, որքանով է այս տեղեկությունը վստահելի եւ լուրջ:




























