Ամանորին Երեւանում տոնական միջոցառումներ կլինեն նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում. դեկտեմբերի 27,28 եւ 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո այն կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում:

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի եւ տուրիզմի, Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետերը:

Ըստ այդմ, դեկտեմբերի 31-ին ժամը 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի  տոնական համերգը` մանկական համույթների եւ պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաեւ մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ եւ վիկտորինաներ։

Երեկոյան ժամը 23.00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժամը 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր։

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժամը 18:00-22:00-ին  Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղեկացմամբ դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժամը 15:00-18:00-ին այստեղ անց են կացվում ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչեւ հունվարի 6-ը:

Այս տարի հագեցած կլինեն նաեւ միջոցառումները սահադաշտի վերածված Կարապի լճում: Այստեղ դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի ցուցադրական ելույթներ` Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։ Սահադաշտում օրական 30 րոպե տեւողությամբ կանցկացվի նաեւ հոկեյի մրցաշար:

Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի խոսքով դեկտեմբերի 17-ին արդեն ավարտվել են մայրաքաղաքի տոնական ձեւավորման եւ գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարվել է 72 աստղիկներով եւ 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաեւ 32000 լուսադիոդային լամպերը:

Մայր տոնածառը հավաքվել է եղեւնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո: «Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Այս տարի նոր ծրագրավորմամբ է իրականացված մայրաքաղաքի տոնական լուսավորությունը: Գիշերային տոնական լույսերով են զարդարված ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլեւ վարչական մյուս շրջանները»,-ասաց Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը: