«Ամերիա» խումբը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր բարեգործական միջոցառում` երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք եւ աճուրդ: Միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաներին եւ նախատեսված էր միջոցառման ողջ հասույթը փոխանցել 13 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում եւ դրամական օգնության կարիք են զգում:
«Ամերիաբանկից» NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում աճուրդից, նկարների վաճառքից եւ առանձին գումարների նվիրաբերությունից հավաքագրված գումարը կազմել է 18 մլն դրամ:
Ամերիաբանկը 2011թ. հունվար ամսին կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց` յուրաքանչյուր երեխային հատկացրած միջոցների, գումարների օգտագործման ուղղությունների եւ երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ:
Բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով` կարելի է ծանոթանալ 13 երեխայի տվյալներին` հիվանդությունների պատմությանը եւ բուժման համար անհրաժեշտ գումարների չափին, որոնց օնության համար կազմակերպվել է հիշյալ միջոցառումը:
«Ամերիա» խումբը արդեն այս տարի ավելի քան 3,6 մլն ՀՀ դրամ էր փոխանցել չորս երեխայի բուժման համար:
Նշենք, որ ցուցահանդես-վաճառքի նկարները տրամադրել են Գեղագիտության Ազգային Կենտրոնը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը, ՍOՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամը, «Օրրան» բարեգործական ՀԿ-ն, «Զատիկ» մանկատունը: Բացի այդ, երեխաները ներկայացրել են իրենց աշխատանքները` «100 տարին Ձեր աչքերով», «Նվիրիր կյանք» եւ «Հայկական հեքիաթ» թեմաներով: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել երեխաների աշխատանքների ուսումնասիրում արվեստի եւ հասարակական գործիչների կողմից, որոնք բարձր են գնահատել երեխաների ստեղծագործական ձիրքն ու վառ երեւակայությունը: Տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, երեխաներն արժանացել են նվերների:




























