ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոտ ութ տարի առաջ սկսել է չբացահայտված թռչող օբյեկտների ուսումնասիրման ծրագիրն իրականացնել, որի մասին հաճախ հաղորդել են ռազմական օդաչուները: Այս մասին հաղորդում է «Politico» թերթը:

Ըստ օդաչուների նկարագրության` այդ օբյեկտներն իրենց հնարավորություններով գերազանցում էին ԱՄՆ եւ այլ երկրների զինանոցի ցանկացած օդային տեխնիկային: Ավելին, երբեմն այդ սարքերը «խախտում էին նույնիսկ ֆիզիկայի օրենքները»:

Այս նախաձեռնությունը կոչվում էր «Ավիացիայի համար առաջացած սպառնալիքների ընդլայնված ուսումնասիրման ծրագիր»: Այն գաղտնի չէր, թեեւ նրա գոյությունը հայտնի էր շատ սահմանափակ թվով մարդկանց:

Միեւնույն ժամանակ, ինչպես պնդում է ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկը  Պենտագոնը խնդիր չի դրել գտնել այլմոլորակայինների  գոյության ապացույցներ:

Նախեւառաջ, նրանք վախենում էին, որ թռչող սարքերը Ռուսաստանի կամ Չինաստանի վերջին ձեռքբերումներն են:

Ըստ Politico-ի՝ ծրագրի նախաձեռնողն այն ժամանակ ԱՄՆ Սենատում  Դեմոկրատների խմբակցության ղեկավար Գերի Ռիդն էր, որին իր գործընկերների աջակցությամբ հաջողվեց  2009 թվականին բյուջեից միջոցներ ստանալ  դրա համար: