Հնարավոր է ինչ-որ խումբ կփորձի ինչ-որ բան ձեռնարկել, բայց դա բոլորովին չի ազդի քաղաքական գործընթացների վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ընդդիմությունը կփորձի որեւէ բողոքի ակցիա կազմակերպել այն ժամանակաշրջանում, երբ սահմանադրական բարեփոխումները վերջնական ուժի մեջ կմտնեն, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ապրիլին են ավարտվում։
Վարդանյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ընդդիմությունը չի կարողանա որեւէ լուրջ բողոքի ցույց կազմակերպել։ «Ձեռնարկվում են հետեւողական քայլեր, որոնք բխում են Սահմանադրության նոր խմբագրությունից։ Բայց նմանատիպ որեւէ սպառնալիք Հայաստանում գոյություն չունի»,- ամփոփել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության նոր խմբագրության՝ Հայաստանը գալիք գարնանը վերջնականապես կանցնի պետական կառավարման խորհրդարանական համակարգին։ Մինչեւ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը ՝ 2018-ի ապրիլի 9-ը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահ, իսկ նշված ժամկետից հետո իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքերում։




























