Հայաստանի ու ԵՄ-ի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պետք չէ հակադրել իրար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանի առջեւ կարող են նոր մարտահրավերներ ծառանալ Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերությոնների շարունակական սրացման ֆոնին, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համատեքստում։
Նա վստահ է , որ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ամենեւին էլ չի հակասում Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այն պարտավորություններին, որոնք ստանձնել է պաշտոնական Երեւանը։ «Դա պարզապես Հայաստանի համար նոր հեռանկարներ ու զարգացման ուղիներ է բացում։ Թե դրանցից որքանով կօգտվի Հայաստանը՝ կախված կլինի նրա ղեկավարության կամքից ու որոշումներից»,- ասել է Գորգիսյանը, միաժամանակ հավելելով , որ «Ելք»դաշինքը , որպես ընդդիմադիր ուժ, մշտադիտարկում է իրականացնելու ու հետեւելու է, որ ԵՄ –ի առաջ Երեւանի ստանձնած պարտականություններն իրականացվեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համընդգրկուն ու ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին։




























