Հայաստանը պետք է սեփական լաբորատորիա ունենա, որպեսզի բիզնեսը կարողանա իր արտադրանքը ԵՄ արտահանել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան արտադրանքի սերտիֆիկացման, դրա ստանդարտիզացման ու տեխնիկական կանոնակարգերի հետ կապված խնդիրներ։ «Գործարարը համապատասխան սերտիֆիկատ ունենալու դեպքում առանց դժվարության կկարողանա արտահանել իր արտադրանքը, քանի որ ԵՄ տարբեր երկրներում կան արտադրանքի իրացման հետ կապված սահմանափակումներ»,- պարզաբանել է Մելքումյանը՝ հավելելով, որ ԵՄ շրջանակում այս կամ այն արտադրանքի արտադրությունը շատ թանկ է,  այդ իսկ պատճառով տարբեր եվրոպական ապրանքանիշներ մնում են ԵՄ տարածքում, իսկ իրենց արտադրությունը տեղափոխում երրորդ երկրներ, օրինակ Վիետնամ կամ Չինաստան, որտեղ ռեսուրսները զգալիորեն էժան են, իսկ աշխատողների աշխատավարձերը ՝ շատ ավելի ցածր։

Տնտեսագետը համարում է, որ հայկական կողմն այս առումով դեռ շատ անելիքներ ունի։ Եվ այսպես, անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել արտադրության այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են գյուղատնտեսական արտադրանքը, պահածոներն ու գինու եւ օղու արտադրանքը։