Շատ կարեւոր է, որ ելնելով իր ազգային ու պետական շահերից՝ Հայաստանին հաջողվեց այս բարդ իրավիճակում ստորագրել Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներն ծառանալ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում համաձայնագրի ստորագրման ֆոնին։
Նրա խոսքով՝ Երեւանը փորձում է համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղել Եվրամիության հետ կապերով։ «Կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը եւ հայկական իշխանությունների նախաձեռնած քայլերը բացառիկ են։ Նման ոչ մի ուրիշ երկիր չկա, որը ղեկավարվելով «ե՛ւ, ե՛ւ» սկզբունքով կարողացել է կիրառել այն նաեւ պրակտիկայում, չկա»,- շեշտել է Վարդանյանը՝ հավելելով, որ որոշակի բացասական արձագանք այս առումով միանշանակ կարող է լինել, ինչպես եղավ ռուսական փորձագիտական մակարդակում։ Բայց դա, նրա կարծիքով, առաջնային նշանակություն չունի, քանի որ Հայաստաննն ունի իր պետական շահերը, իսկ Երեւանը պետք է ղեկավարվի դրանցով։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։




























