Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան  վարչական աշխատակցի սպանության մեջ կասկածվող Uber տաքսի ծառայության վարորդը խոստովանել է հանցագործության կատարումը, հայտնում է Independent պարբերականը՝ վկայակոչելով լիբանանյան անվտանգության ծառայությանը:

Պարբերականը նշում է, որ Uber-ի վարորդը նախկինում դատապարտված է եղել: Աղբյուրի խոսքով՝ նախաքննությամբ պարզվել է, որ սպանության դրդապատճառը քաղաքականության հետ կապ չունի:

Կիրակի Լիբանանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախօրեին առավոտյան արագընթաց ավտոմայրուղու եզրին կնոջ մարմին է հայտնաբերվել: Իրավապահ մարմինները ավելի ուշ պարզել էին կնոջ ինքնությունը՝ նա բրիտանական դեսպանատան 30-ամյա աշխատակից Ռեբեկա Դայքսն էր, նրան բռնաբարել էին եւ խեղդամահ արել, որից հետո մարմինը թողել էին մայրուղում:

Անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ տաքսու վարորդը Դայքսին վերցրել է ուրբաթ երեկոյան Ջիմեյզի բարերի փողոցից, որտեղից աղջկան տարել է արագընթաց մայրուղի, ապա հարձակվել է նրա վրա եւ պարանով խեղդել: Հետախույզները տաքսիստին հայտնաբերել են ճանապարհային ծառայության տեսահսկման խցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են Ջիմեյզիի եւ Մոուտ գետի միջեւ ճանապարհի հատվածում:·