ԱՄՆ արեւմուտքում Amtrak ընկերության ուղեւորատար գնացքի վթարի պատճառներն ուսումնասիրող մարմինները քննարկում են մի տարբերակ, որի համաձայն մեքենայավարին շարժման ժամանակ շեղել է խցիկում գտնվող ստաժորը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ իշխանությունները հետաքննում են, թե արդյոք ստաժորը կարող էր ինչ-որ կերպ խանգարել մեքենավարին, ինչն, իր հերթին, կարող էր հանգեցնել «իրավիճակի վերահսկողության» կորստի: ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ հաստատել են, որ վթարի ժամանակ մեքենայավարի խցիկում ուղեկցորդ ստաժոր է եղել, ով վերապատրաստում էր անցնում «փորձ ձեռք բերելու համար»: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե որպես ուղեկցորդ վերապատրաստվող անձը ինչ գործ ուներ խցիկում: Նրանք երկուսն էլ ծանր վիրավորվել են եւ հոսպիտալացվել, առաջիկա օրերին նրանց պատրաստվում են հարցաքննել:
Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչ Բելա Դին Զարը հաստատել է նաեւ, որ գնացքի արագությունը վթարի ժամանակ կազմել է 129 կմ/ժ երկութուղու այն հատվածում, որտեղ թույլատրելի արագությունը չպետք է գերազանցեր 48,3 կմ/ժ-ը։ Նրա խոսքով՝ վթարի ժամանակ ավտոմատ կերպով՝ առանց մեքենայավարի միջամտության աշխատել է գնացքի կտրուկ արգելակման համակարգը։
Միեւնույն ժամանակ Positive Train Control կոչվող հատուկ էլեկտրոնային համակարգը, որը կարգավորում է գնացքի շարժումը եւ հնարավորություն է տալիս գնացքին լրիվ արգելակել վտանգավոր բարձր արագության դեպքում, գործարկված չի եղել երկաթուղային գծի այդ հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը: Համակարգը այդ հատվածում պետք է գործարկվեր հաջորդ տարվա գարնանը: ԱՄՆ իշխանությունների հրամանով՝ 2018 թվականի վերջերին բոլոր երկաթուղիները պետք է հագեցած լինեն PTC համակարգով:
Վթարը տեղի էր ունեցել Վաշինգթոնի նահանգում՝ Թաքոմա քաղաքից 64 կմ հարավ գտնվող երկաթուղու հատվածում: Սիեթլից Պորտլենդ ուղեւորվող Cascades ուղեւորատար գնացքը բաղկացած է եղել 12 վագոններից եւ երկու լոկոմոտիվից, որոնցից 13-ը դուրս էին եկել երկաթուղուց: Նրանցից մի քանիսը դուրս են եկել ավտոճանապարհ՝ բախվելով յոթ ավտոմեքենաների:
Գնացքում 85 մարդ է եղել, այդ թվում՝ վարորդներ եւ ուղեկցորդներ: Վթարի արդյունքում վեց մարդ է զոհվել: Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 72 մարդ, որոնցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր:




























