ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Իսրայելի եւ Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ վարչակազմի որոշման լույսի ներքո շեշտադրում կատարելով պաղեստինա-իսրայելական կարգավորման իրավիճակի զարգացման վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացի վիճակը՝ ռազմական գործողությունների ռեժիմի պահպանման ջանքերի, կարիքավոր բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնման, ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի հիման վրա միջսիրիական բանակցությունների վերականգնման ենթատեքստում:

Աստանայում այս օրերին անցկացվում է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական ռաունդը: Անցյալ շաբաթ Ժնեւում ավարտվել են ՄԱԿ հովանու ներքո անցկացվող միջսիրիական խորհրդակցությունները: Ներկայումս Սոչիում ընթանում է  Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը: