Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Հայաստանը մնում է խնդրի բանակցային լուծման կողմնակիցը։ «Կոչ ենք կողմերին՝ բանակցությունների հիման վրա հասնել տրամաբանական խաղաղ կարգավորման։ Հայաստանը, որպես պետություն որն ինքն է ընդգրկված բանակցային գործընթացներում, չի կարող այլ կերպ արտահայտվել։ Մեր քվեարկությունը բխում է այդ պաշտոնական դիրքորոշումից, շատ հավասարակշռված է»,- ասել է Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երուսաղեմում ունենք մեծաթիվ հայ համայնք։

Նրա խոսքով, բոլոր գնահատականները, թե Հայաստանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, չեն բխում մեր շահերից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան նախօրեին 128 կողմ,  35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատեց բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձեւին: