Երեւանի տաքսի ծառայություններից մեկի վարորդ` 60-ամյա Արամայիս Թորոսյանը 2017թ.-ը  մեքենայի մեջ է դիմավորել, ընտանիքի անդամներին էլ հեռախոսով շնորհավորել: NEWS.am-ի հետ զրույցում տաքսու վարորդը պատմեց, որ դեկտեմբերի 31-ին իր ուղեւորները մեծ մասամբ «Ձմեռ պապիկներն ու Միկի Մաուսներն են», որոնք մեքենան նստելիս հիմնականում նույն բանն են ասում` «Պատվերի մեջ եմ, արագ պետք ա հասնենք, որ մյուսին գնամ»: Նրա խոսքով, դեկտեմբերի վերջին երկու շաբաթը տաքսի ծառայությունների վարորդները գերծանրաբեռնված են աշխատում, իսկ դեկտեմբերի 31-ին ոչ թե շատ պատվերներ են ունենում, այլ խցանումներն են շատ լինում, որի պատճառով էլ դժվարանում է իրենց աշխատանքը: Այդ օրերը լարված են, բայց ավելի ուրախ ու թեթեւ են անցնում` ուրախանալու առիթ միշտ է լինում. «Հատկապես շատ եմ սիրում Ձյունանուշիկներին ու Ձմեռ պապիկներին, որ պատվերից հետո նստում են մեքենաս ու պատմում, թե քանի տուն են գնացել, ոնց են ստիպված եղել ամեն մեկի տանը մի-մի բաժակ խմել, քեֆովնալ, ոնց են երեխաները մորուքները քաշել, հանել, որը պատմեմ, շատ ուրախանալու բաներ կան …»:

Արամայիս Թորոսյանը դեկտեմբերի 31-ին աշխատում է ուղեւորներին արագ սպասարկել, աշխատանքը վերջացնել եւ գնալ տուն` ընտանիքի հետ Նոր տարին դիմավորելու: Սակայն, 2017թ.-ը տանը դիմավորել չի հաջողվել: Ժամը 23:00-ի սահմանում  վերջին պատվերն է արել եւ պատրաստվել տուն գնալ, բայց տան ճանապարհին Աջափնյակի փողոցներից մեկում մեքենան մի տարեց կին է կանգնեցրել ու խնդրել իրեն շտապ հասցնել տուն:

«Վեշերը ձեռքին կանգնած էր, մեղքս տվեց, ասի` տանեմ, ես էլ կհասցնեմ տուն գնալ: Նորագավիթ էր գնում, ես էլ Չարբախում եմ ապրում, ճամփիս վրա էր: Բայց  խցանումներն իրենց սեւ գործն արին, մինչեւ հասանք` 12:10 էր, փողն էլ չվերցրի, ասի գնա՝ ուրախ Նոր տարի, օրհնեց, գնաց: Ես էլ արագ զանգեցի տուն, ասի` Նոր տարին կանգնեցրեք, գալիս եմ: Հիմա կնիկս միշտ կատակում է, որ մի բան ա լինում ասում ա` Նոր տարին ում հետ որ դիմավորել ես, ասա թող ինքն էլ անի, դե ես էլ անծանոթ տատիկի հետ եմ դիմավորել»,-ժպտալով պատմեց նա:

Արամայիս Թորոսյանը որոշել է, այս տարի դեկտեմբերի 31-ին չի աշխատելու, օրն անցկացնելու է տանը` թոռնիկների կողքին:

«Սրտից թույլ մարդ եմ, ախր էս տարի էլ մի ուրիշ տատի կհանդիպի, 2017թ.-ը մեքենայիս մեջ դիմավորեցի, ամբողջ տարին աշխատել եմ, էս տարի տանն եմ դիմավորելու, որ քիչ աշխատեմ»,- կատակում է նա: