Այն ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում, իրական ընդհարում է կովկասցիների եւ ռուսների միջեւ, ինչը վաղուց արդեն սպասելի էր, քանի որ ընդհարումը միշտ էլ եղել է, բայց ծածուկ: Այս մասին, ըստ վրացական «Ասավալի դասավալի» թերթի,  հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

«Ռուսների եւ կովկասցիների միջեւ կռիվները մեկ կամ երկու տարիների պատմություն չեն: Կովկասցիները երբեք չեն կարող ռուսներին դեմ դուրս գալ եւ հաղթել»,-ասել է նախկին նախագահը:

Շեվարդնաձեի կարծիքով, նման ընդհարման երկրորդ պատճառը «Միասնական Կովկաս» ստեղծելու մտահաղացումն է:

«Միանական Կովկասի» ստեղծելու մտահաղացման մասին ես իմացել եմ դեռեւս Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեի ժամանակ: Նա եւ Դուդաեւը ցանկանում էին ինձ հետ հանդիպել, որպեսզի քննարկեն այդ հարցը: Այդ ժամանակ էլ Դուդաեւն ինձ ասաց, որ նրանք ծրագրավորում են ստեղծել Կովկասի կոնֆեդերացիա, իսկ հիմա չեմ բացառում, որ այս մտահաղացումը   հենց Ռուսաստանն է ուզում իրագործել, քանի որ միասնական Կովկասը ավելի հեշտ է կառավարել»,-մեկնաբանում է Է. Շեվարդնաձեն:  

Ըստ նրա, ակնհայտ է, որ Ռուսաստանն արդեն ունի կոնկրետ ծրագիր, քանի որ նա իր վաղվա քայլերին այսօր է պատրաստվում, այդ պատճառով էլ Ամերիկայի հետ ներկա պահին շատ բարիդրացիական հարաբերություններ ունի: