Մոսկվայի փողոցներում եւ Ռուսաստանի այլ տարածքներում տեղի ունեցած անկարգությունների պատասխանը միայն ուժային միջոցներով չպետք է լինի: Այդ մասին դեկտեմբերի 24-ին դաշնային երեք ալիքների ղեկավարներին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Պատասխանը միայն ոստիկանական չպետք է լինի, դա ակնհայտ է: Պատասխանը պետք է լինի համակարգային»,- Ռուսաստանի առաջնորդի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն: Մեդվեդեւն ընդգծել է, որ ոստիկանությունը պետք է «հստակ, արագ եւ արդյունավետ» լինի, անհրաժեշտ դեպքերում գործել կոշտ եւ օրենքով: «Այսօր մեր ոստիկանությունը այդ որակները ցուցադրել է, չնայած մեծաթիվ քննադատոթյուններին»,- նկատել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 11-ին զանգվածային անկարգություններ են եղել: Ավելի քան 5 հազար ֆուտբոլային ֆանատներ եւ ազգայնականներ Մանեժնայա հրապարակում չարտոնված ակցիա են անցկացրել, որը վերաճել է ջարդերի:
Վերջին շրջանում Մոսկվայում հաճախակի են դարձել ոչ սլավոնական արտաքինով անձանց սպանությունները:





























