Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դժգոհ է ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության եզրակացությունից, որտեղ մեղադրանքներ կան ուղղված իրենց հասցեին: «Ինչ հայտարարել են՝ լավ չեն արել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել էր տրանսպորտի ոլորտում կատարած ստուգումների արդյունքներին։ Ըստ այդմ՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «ոչ պատշաճ» վերահսկողություն է իրականացնում «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրի շրջանակներում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների նկատմամբ, հավելագրումներ է կատարում ճանապարհների ձմեռային ռեժիմների պահպանման ընթացքում, «անիրատեսական» աշխատանքներ է ֆինանսավորել Հալիձոր-Տաթեւ ճանապարհի կառուցման ընթացքում:
Հալիձոր-Տաթեւ ճանապարհի հետ կապված նախարարն ասաց, որ այն դեռ չի ընդունվել նախարարության կողմից։ Ընդ որում՝ ընդունման ակտի հետաձգումը կապված է եղել հենց ստուգումների իրականացման հետ, քանի որ ճանապարհի կառուցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Ըստ Մ. Վարդանյանի՝ տրանսպորտի նախարարությունն ի սկզբանե ցանկացել է որոշակի փոփոխություն կատարել նախագծային աշխատանքներում։ Ինչ վերաբերում է հողային աշխատանքների ծավալներին, որը ֆինանսների նախարարության քննադատության հիմնական թիրախն էր, ապա նախարարն ասաց, որ նախատեսվածից 6,7 հազ. խմ ավելի հողային աշխատանքներ են կատարվել։ «Հալիձորում աշխատել են 3 ամիս, իրենք գուցե վերջին 25 օրն են հաշվել»,- հեգնեց Մ. Վարդանյանը։ Իսկ ով չի հավատում՝ նա խորհուրդ տվեց վերցնել մետրն ու գնալ չափելու։ Ընդհանրապես՝ նախարարն այն կածիքին է, որ ֆինանսների նախարարությունը հրապարակային հայտարարություն կատարելուց առաջ պետք է խորհրդակցեր իր ղեկավարած կառույցի հետ։





























