Պակիստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում հրապարակել է Իսլամաբադի մասին քննադատություն, հայտնում է News International տեղական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականը գրում է, որ Պակիստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպան Դեւիս Հեյլին, որպեսզի բողոք հայտնի Պակիստանի մասին Թրամփի անհիմն մեղադրանքների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Թրամփն իր Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ն Պակիստանին ֆինանսական օգնություն էր տրամադրում, մինչդեռ Իսլամաբադը չէր օգնում ահաբեկչության դեմ պայքարում ու թաքցնում էր Աֆղանստանի զինյալներին։ ԱՄՆ նախագահը հավելել էր, որ նման բան այլեւս չի լինի։

Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են  Պակիստանին դեռ չուղարկել 255 մլն դոլար, որը մտադիր էին հատկացնել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։

ԱԱԽ ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «կշարունակի գնահատել Պակիստանի հետ համագործակցության մակարդակը», հայտնում է ՌԻԱ Նովոստին։