ԱՄՆ-ում լուրջ չեն ընդունի Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունները, եթե չշոշափեն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման հարցը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է DW–ն: 

Հեյլիի խոսքով՝ Փհենյանում իշխանության ղեկին է «չափազանց անողոք ռեժիմ»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային երբեք միջուկային տերություն չի ճանաչի:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը նշել էր, որ Վաշինգթոնը չի պատրաստվում միջամտել կորեական երկու երկրների հարաբերություններին: Նա միաժամանակ շեշտել էր, որ Պետքարտուղարությունում կասկածում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի անկեղծութանը: «Կիմ Չեն Ընը կարող է փորձել միմյանց դեմ տրամադրել 2 ազգին՝ «մեզ եւ Հարավային Կորեային»: Նա հավաստիացրել է, որ դա տեղի չի ունենա:

Հիշեցնենք, որ Սեուլը Փհենյանին առաջարկել էր հունվարի 9-ին բանակցություններ անցկացնել Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների հնարավոր մասնակցության հարցի շուրջ, որոնք պետք է անցկացվեն Փյոնչհանում: Միեւնույն ժամանակ, Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ երկկողմ հարաբերությունների բարելավումը անքակտելիորեն կապված է միջուկային խնդրի լուծման հետ: