ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հաղորդել է Նոր տարվա նախօրեին Խմեյմիմ ռազմակայանի ռմբակոծման ժամանակ երկու ռուս զինծառայողների մահվան մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:

  «2017 թվականի դեկտեմբերի 31-ին՝ օրվա մթնելու հետ մեկտեղ Խմեյմիմ օդանավակայանը ենթարկվել է զինյալների դիվերսիոն խմբի հանկարծակի ականանետային գնդակոծմանը: Գնդակոծման հետեւանքով երկու զինծառայող  զոհվել է», - հաղորդել են նախարարությունում:

Հունվարի 3-ին Խմեյմիմ ռազմակայանի հարձակման մասին առաջինը հաղորդեց «Կոմերսանտը»: Հրապարակման համաձայն՝ արմատական իսլամիստների կողմից հարձակման արդյունքում ռուսական ռազմական ուժերը կորցրել են չորս «Սու-24» ռմբակոծիչ, երկու Սու-35Ս կործանիչ եւ Ան-72 տրանսպորտային ինքնաթիռ:

Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը «Կոմերսանտի» լուրը անվանեց «կեղծ»:

«Կոմերսանտի» հրապարակումից հետո Telegram-ում Conflict Intelligence Team (CIT) հետազոտական խումբը նշեց, որ ոչ մի խմբավորում կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել:

CIT-ում հավելել են, որ տեղացիներից ոչ ոք գնդակոծման վերաբերյալ տեսանյութ կամ լուսանկար չի հրապարակել, թեեւ մինչ այժմ «Խմեյմիմ ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպից լուսանկարները արագ հայտնվել են սոցցանցերում»:

Պաշտպանության նախարարությունում ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել է, որ հարձակման ժամանակ վնասվել է մեկ ուղղաթիռ եւ ՍՈՒ-24:

Նրա խոսքով՝ ավիաբազայի շրջանում հերթապահությունը կազմակերպվել էր «ինչպես հարկն է»:

«Ռեակտիվ արկերը խփվել էին, իսկ ականանետային կրակոցները գրեթե անհնար է կանխել: Երբ մեջքից են կրակում, միշտ չէ, որ դրան պատրաստ ես», — ասել է աղբյուրը:

«Նովայա գազետայի» ռազմական սյունակագիր Պավել Ֆելգենհաուերը կարծում է, որ Խմեյմիմ օդակայանում դիվերսիոն հարձակումից հետո պաշտպանության ամրապնդման նպատակով շինարարություն կսկսվի: «Ինքնաթիռները գտնվել են բաց տարածքում, վահանային տնակնրում` անձնակազմը: Այնտեղ, հավանաբար, սիրիական ընկերների կողմից դավաճանություն է եղել»: