Գերմանիան եւ Թուրքիան կապված են «հատուկ հարաբերություններով»՝ երկու երկրներն էլ պատրաստ են ամեն ինչ անել երկկողմ հարաբերություններում առկա դժվարությունները հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք գործընկերոջ` Մեւվլութ Չավուշօղլուի հետ գերմանական Գոսլարի քաղաքում կայանալիք բանակցություններից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի նախարարը հիշեցրել է, որ Գերմանիայում ապրում է մոտ 3 միլիոն թուրքական ծագում ունեցող մարդ: «Անկախ այն հանգամանքից՝ ունեն նրանք թուրքական անձնագիր թե ոչ՝ նրանք մեր երկրի քաղաքացիներն են»,- նշել է Գաբրիելը: «Մեզ Թուրքիայի հետ ավելի շատ բան է միավորում, քան կարելի է պատկերացնել»,- հավելել է նա:
Արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ վերջին ամիսներին երկու երկրների միջեւ առկա են տարաձայնություններ: «Մենք բոլոր հարցերի վերաբերյալ չէ, որ միակարծիք ենք»,-շեշտել է նա՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Բեռլինն ու Անկարան պատրաստ են երկխոսություն հաստատել: «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այնպես, որ կարողանանք հաղթահարել Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում առկա դժվարությունները»,- հստակեցրել է Գաբրիելը:
Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Անկարան եւ Բեռլինը կկարողանան հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները երկխոսության եւ համագործակցության միջոցով:
«Որպես օրինակ, կցանկանայի բերել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը»,-նշել է նախարարը: Նա կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, Անկարան եւ Բեռլինը կարող են գործել ի շահ բոլոր կողմերի եւ, մասնավորապես, քննարկել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության ստեղծման հնարավորությունը: «Մենք չպետք է վախենանք նոր էջ բացելուց եւ քննարկել այն ամենը, ինչ հնարավոր է»,- կարծիք է հայտնել Չավուշօղլուն:




























