Այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչեւ 1995թ. նոյեմբերի 28-ը չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, այսուհետ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եթե մինչեւ նշված ժամկետը (այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ:

Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն եւ ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այսինք, կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո:

Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից»: