Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող հայաստանյան ընկերությունները ցանկանում են բարձրացնել վաճառքի սպասարկման որակը եւ անձնակազմի սպասարկման ծառայությունների որակը։ NEWS.am - Ինովացիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Բի Էս Սի» (BCS) բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ նշելով, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Մասնավոր մրցունակ հատված Հայաստանում  ծրագրի (USAID CAPS) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաճառքների խթանում եւ հաճախորդների սպասարկում» դասընթացում մասնակիցները «Բի Էս Սի»-ի մասնագետներից ցանկացել են քննարկել հենց սպասարկման որակի բարձրացմանն ուղղված թեմաներ։

Ըստ Գեւորգյանի՝ Հայաստանում գերակա ճանաչված ՏՏ ոլորտում բարեփոխումների ընթացքը դանդաղ է ընթանում, մասնավորապես ցածր մակարդակի վրա է ՏՏ կիրառումը փոքր ու միջին ձեռնարկություններում։ «Կարծում եմ պատճառներից մեկն է նաեւ այն, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու գործարարները որոշ դեպքերում միմյանց չեն կարողանում հասու կերպով բացատրել իրենց առաջարկն ու պահանջարկը։ Իսկ իրականում ՏՏ պահանջարկը եւ կիրառման կարիքը մասնավոր բիզնեսում  բավականին մեծ է»,- նշեց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է փորձեն լավ ընկալել գործարարի տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառման բուն նպատակը։ «Գործարարները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար են ձգտում կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները, եթե ՏՏ ծրագիր առաջարկողը լավ հասկանա, թե իրականում հաճախորդն ինչ է ցանկանում, կարող է հավելյալ ապրանք վաճառել, ինչը միչ կողմից ավելի կմեծացնի սեփական պրանքի սպառումը, եւ մյուս կողմից կօգնի բիզնեսի արդյունավետության բարձրացմամբ մտահոգ գործարարին»,- ասաց բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրենը։

Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կարեւոր է նաեւ ներդնել վաճառքներ իրականացնելու եւ հաճախորդներին սպասարկելու կարողությունները, զարգացնել գործարար հաղորդակցության հմտությունները, հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու, պահպանելու եւ զարգացնելու հնարքները: