Հայաստանի վերահսկիչ պալատը Տավուշի համայնքներում 295 մլն դրամի խախտումներ է արձանագրել: Այդ մասին Տավուշի մարզում կայացած ՎՊ արտագնա նիստում հայտնել է 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը:

ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել Տավուշի մարզի 4 քաղաքային եւ 10 գյուղական համայնքներում: Արձանագրված 295 մլն դրամի խախտումներից պետությանը ենթակա է վերականգնման ավելի քան 286 մլնը: Ընդ որում այդ գումարի 284 միլիոնը համայնքային բյուջեին է պատկանում:

Մասնավորապես պարզվել է, որ գյուղական համայնքներում 16 մլն դրամի չհիմնավորված ծախս է կատարվել, իբր արտաքին լուսավորության, սանմաքրման եւ նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար: Պարզվել է, որ հավելյալ վճարումներ են կատարվել կրթության ոլորտի աշխատակիցներին:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ բոլոր գումարները ենթակա են վերադարձման մինչեւ 2011թ. ապրիլ, որպեսզի ՎՊ-ն դրանք արձանագրի իր հաշվետվության մեջ: Թեեւ Իշխան Զաքարյանը հույս է հայտնել, որ բոլոր գումարները կվերադարձվեն մինչեւ մարտի 31-ը, քանի որ գումարի մեծ մասն արդեն վերականգնվել է: