Հայաստանի վերահսկիչ պալատը Տավուշի մարզպետարանում արձանագրել է 144 մլն 955 հազար դրամի խախտում, որից պետական բյուջե ենթակա է վերադարձման 121 մլն ավել դրամ: Այս մասին Տավուշի մարզում կայացած ՎՊ արտագնա նիստում հայտնել է 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը:

Վերջինիս խոսքով, մարզում խախտումներ արձանագրվել են գրեթե բոլոր ոլորտներում: Մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում միայն Դիլիջան քաղաքում արձանագրվել է 3 մլն 957 հազար դրամի խախտում: Քաղաքաշինության ոլորտում մարզում արձանագրվել է 98 միլիոն դրամի խախտում, որից ենթակա է վերադարձման 83 միլիոնը: Մարզպետարանը վերադարձրել է միայն 78 միլիոն դրամը:

Ընդ որում, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ Տավուշի մարզում արձանագրված խախտումները եզակի չեն. նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաեւ մյուս մարզերում՝ հատկապես քաղաքաշինական, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտներում:

Հարցին՝ արդյոք քրեական գործ հարուցվելո՞ւ է խախտումների վերաբերյալ, Իշխան Զաքարյանը բացասական պատասխան է տվել: «Քրեաիրավական բնույթի խախտումներ մարզում չենք արձանագրել»,- ասել է նա: Ըստ Զաքարյանի հնարավոր են կոռուպցիոն ռիսկեր, որոնք ոչ թե միտումնավոր են, այլ ուղղակի չիմացության հետեւանք:

Նշենք, որ Տավուշի մարզպետը ՀՀԿ անդամ Արմեն Ղուլարյանն է: