Պետգնումների համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի: Այս մասին Ազային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հայտարարությունը, թե հիվանդանոցները դեղամիջոցներ են գնում ավելի բարձր գնով, քան դրանց շուկայական արժեքն է:

«Կարծում եմ՝ պետգնումների համակարգը չպետք է կենտրոնանա մեկ կառույցում: Յուրաքանչյուր հաստատություն, տվյալ դեպքում բժշկական, պետք է իրավունք ստանա ինքնուրույն պետգնումներ իրականացնել թափանցիկության եւ հաշվետվության պայմաններով»,- հայտարարել է Բաբլոյանն՝ ընդգծելով, որ բարեփոխումների կարիք ունի հիվանդանոցային կառավարման համակարգը: Նրա խոսքով, հիվանդանոցները պետք է կառավարվեն ոչ թե մեկ մարդու, այլ կորպորատիվ խորհրդի կողմից՝ բաղկացած բուժանձնակազմից եւ բուժսպասարկում ստացողներից: «Այդ դեպքում կառավարումն ու գնումները արդյունավետ կլինեն»,- նկատել է պատգամավորը:

Մեկնաբանելով Հովսեփյանի մեկ այլ հայտարարություն, թե Հայաստան որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղամիջոցները չեն վերահսկվում որակի առումով, Բաբլոյանը համաձայնվել է որ ոլորտում խնդիրներ կան: