ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն անցնող 2010 թվականը դրական է գնահատում, քանի որ «լավ էր, որ իրարանցում չեղավ, սոցիալական պայթյուններ չեղան» թեեւ կարող էին լինել:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե նույնիսկ այն դեպքում է լավ գնահատում, երբ թանկացումներ եղան, իսկ  ձուն ընդհանրապես շուկայից վերացե՞լ է, Բոստանջյանը պատասխանել է. «Ճիշտ է, դրանք շատ բացասական բաներ էին եւ գտնվեցին այն տիրույթում, որի պարագայում բնակչությունը կարողացավ ինքն իրեն զսպել: Բոլոր դեպքերում տիեզերական վտանգ գոյություն ունի՝ մահանալը, իսկ ապրելն արդեն կարելի էգնահատել ոչ բացասական: Ուզում եք անունը դրեք գոյատեւում, ուզում եք՝ ուրիշ բան»,-բանձեւել  է Բոստանջյանը, բնակչությանը կոչ անելով «գոտիները դժվար պահերին ձգված պահել»:

Անդրադառնալով վերջին շրջանի ձվի աստեղային ժամերին՝ ասել է. «Այդ մասին մի խոսեք, դա լրիվ խայտառակություն է, ես չեմ ուզում մեր ամբողջ տնտեսությունը ձվով գնահատել, բայց կասեմ, որ մեր հերթական անհետեւողականության արդյունքն է դա, երբ փոքր քանակի, ինչ-որ տեղ դեֆորմացված մարդիկ որոշել են  գերշահույթ ունենալ: Պետք է ազատվենք այդ մարդկանցից»:

Հարցին, թե կառավարությունն ի վիճակի չէ՞ միջամտել եւ շտկել ստեղծված իրավիճակը, նա պատասխանել է. «Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որ ես չեմ կարող հակառակը պատասխանել, բայց միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ մինչեւ հասնում են, գնացած են լինում»:  Կարճ ասած, ըստ  տնտեսագետ Բոստանջյանի, ձվի կատաստրոֆան կանխելուց պետությունը շատ ուշացել է: