Ռուսաստանում սխալ հաշվարկներ են կատարել՝ սկսելով ադրբեջանական բանակի վերազինումը: Հունվարի 23-ին «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ չնայած անցկացվող քարոզչությանը, Հայաստանի բնակչության մեծ մասը չի ընկալում եւ չի աջակցում Ադրբեջանին վերազինելու հարցում Մոսկվայի վարած քաղաքականությունը: «Նրանք դա երբեք չեն ների: Ինձ համար սա ակնհայտ է: Ես երիտասարդների հետ եմ աշխատում, ըստ որում՝ այնպիսի բուհում, որը, կարելի է ասել, կիսով չափ նաեւ ռուսական է, եւ այնտեղ միանգամայն այլ տրամադրություններ են իշխում, որոնք շատերը փորձում են որպես անմեղ ներկայացնել»,- նշեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել ռուսական արտադրության ռազմական տեխնիայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը, որոնք կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված զորամասերին: Սպառազինության հիմնական մասն են կազմել ռուսական ժամանակակից ԲՏՌ-82А զրահափոխադրամիջոցները, որոնց մշակումը սկսվել է դեռեւս 2009-2010 թվականներին: Ընդամենը Ադրբեջան պետք է մատակարարվի ԲՏՌ-82А 230 զրահափոխադրամիջոց: Դրանց մատակարարումները սկսվել են 2013 թվականից եւ հիմա այս «տանկերի կործանիչների», ինչպես այն անվանել են ռուս զինվորականները, մեծ մասն արդեն մատակարարվել է: