Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը տարածաշրջանում Ադրբեջանի կախվածության մեծացման միջոցով: Նման կարծիք «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ Մոսկվան չի ընդունում որոշումներ, որոնք հիմնված են Երեւանի շահերի վրա, եւ անում է ամեն ինչ իր սեփական շահերի առաջխաղացման համար:

«Մի կարծեք, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների վերահսկումը մեր շահերից է բխում: Դա կլինի հենց Ռուսաստանի շահերից բխող վերահսկողություն: Սա Բաքվի մոտ կախվածություն կառաջացնի ռուսական սպառազինությունների մատակարարումներից. որոշ ժամանակ անց այդ տեխնիկան կփչանա եւ վերանորոգում անհրաժեշտ կլինի»,- բացատրեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է ուղարկվել ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը, որը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված ստորաբաժանումներին: