Քանի դեռ Հայաստանը այլընտրանք չունի, ոչ ոք հաշվի չի առնի իր դիրքորոշումը: Նման կարծիք «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստան-Իրան գազամուղի շահագործումը չի կսկսվել, ոչինչ չի փոխվի: «Դուք բոլորդ լավ գիտեք, որ մենք ամբողջությամբ չենք օգտագործում Իրանի հնարավորությունները»,- ասաց Գրիգորյանը:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փորձագետը, Ռուսաստանն այն երկիրն է, որը հարգում է ոչ միայն ուժեղ երկրներին, այլեւ՝ այլընտրանք ունեցող պետություններին: Իսկ Երեւանը նման նախապայմաններ չի ստեղծում: «Աշխարհը շատ ցինիկ է: Միակ հարցն այն է՝ ունես դու այլընտրանք, թե՞ ոչ: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ այլընտրանքը չունենանք»,- ասաց փորձագետը` ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում՝ բացի հայրենիքի հանդեպ սեր ցուցաբերելու մշտական կոչերից:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է ուղարկվել ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը, որը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված ստորաբաժանումներին:




























