2018 թ. հունվարի 20-21-ը, ՀՅԴ Բյուրոյի հրավերով, Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի եւ Կիպրոսի ՀՅԴ. մարմինների շրջանային ժողովը:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բյուրոյի անդամներ եւ ՀՅԴ նշված մարմինների ներկայացուցիչները:
Երկու օր տեւած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բյուրոն ներկայացրեց իր գործունեության վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լույսի ներքո ծավալվեց համապարփակ քննարկում:
Շրջանային ժողովի անդամները իրազեկվեցին Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ մասնակցության արդյունքների, Հայաստանում Սահմանադրական նոր կարգի հաստատման գործըթացների մասին: Ժողովը քննարկեց Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, տնտեսական եւ անվտանգության ոլորտների բարեփոխումները եւ, հարցումների ու արժեւորումների միջոցով, տվեց գնահատականներ: Հատուկ ուշադրության առարկա դարձան Արցախյան հարցի կարգավորման վերջին զարգացումները եւ այդ ուղղությամբ ՀՅԴ-ի կատարելիք աշխատանքները:
Կարեւորվեցին Հայոց բանակի հզորացման եւ համաժողովրդական զորակցության ուղղությամբ նախաձեռնությունները: Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ նշվեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձությունը եւ արցախահայությանը սատարելու եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը պահել մշտական դիտակետում:
Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով, ժողովը փաստեց, որ չնայած առկա են որոշ դրական տեղաշարժեր, սակայն արդյունքները դեռեւս անբավարար են բնակչության սոցիալական կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալական բեւեռացվածությունը մեղմելու ուղղությամբ:
Ժողովը հանգամանորեն լսեց նաեւ շրջանների կազմակերպական, քաղաքական եւ հարաբերական հիմնախնդիրները եւ հստակեցրեց դրանց լուծման միջոցները:
Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների կայուն զարգացման եւ նոր սերնդի պատրաստության հիմնախնդիրներին:
Ժողովը քննարկեց նաեւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպվելիք ձեռնարկները եւ այդ ուղղությամբ ներկայացրեց առաջարկություններ:
Կառույցի առաջընթացի եւ հզորացման ուղղությամբ ժողովը ներկայացրեց նոր առաջարկներ եւ դիրքորոշումներ ճշտվեցին մի շարք այլ օրախնդիր հարցերի շուրջ:




























