Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունների հետ վերջերս ձեռքբերված պայմանավորվածությունները լավ լիցք կհաղորդեն հանրապետության տնտեսությանը: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 23-ին Նազարբաեւը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի նախագահի պաշտոնական այցի արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված միջոցառումները:

«Մենք կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ամերիկյան բիզնեսի «կապիտանների» հետ, ինչը լավ լիցք կհաղորդի մեր տնտեսությանը՝ հատկապես Ղազախստանում նորարարությունների ներդրման, թվայնացման զարգացման, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման եւ նոր տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասել է Նազարբաեւը: Նա նաեւ ընդգծել է ամենաբարձր մակարդակով ղազախա-ամերիկյան երկխոսության կարեւորությունը երկրի տնտեսական զարգացման համատեքստում եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում: